38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բեղմնավոր գրիչ քեզ

Բեղմնավոր գրիչ քեզ
12.11.2013 | 00:39

Վաթսունական թվականների վերջերն էին: ՈՒսանող էի Երևանի պետական համալսարանում: Մանկավարժ ծնողներս դժվարությամբ էին հոգում բազմանդամ ընտանիքի հոգսերը: Առջևս ծառացել էր աշխատելու, ծնողներիս ինչ-որ կերպ սատարելու խնդիրը: Թերթերից մեկում հայտարարություն կարդացի, որ Երևանի էքսկուրսիոն բյուրոն ապագա էքսկուրսավարների դասընթացներ է կազմակերպում՝ ավարտից հետո աշխատանքի տեղավորումով: Գնացի: Երեկոյան ժամերին անցկացվող պարապմունքները վարում էին 1965 թվականի դեպքերի ակտիվ մասնակից, երջանկահիշատակ Հեգել Շահինյանն ու այսօր էլ իմ ավագ ընկեր ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: Շահինյանը, ճիշտ է, արդեն ազատվել էր բանտից, բայց, ինչպես հետո էինք իմանալու, դեռևս տխրահռչակ ԿԳԲ-ի աչալուրջ հսկողության տակ էր ու խուսափում էր հայրենասիրական թեմաներ շոշափելուց, հայ ժողովրդի պատմությունն իրական նրբերանգներով ներկայացնելուց: Արթուր Նավասարդյանն այդ սահմանափակումները չուներ, աշխատում էր սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում և, ի պաշտոնե, նաև Հայաստանի տեսարժան վայրեր էր ուղեկցում սփյուռքից ժամանած մշակութային գործիչներին, գրողներին ու հայկական գաղթօջախների ղեկավարներին: Քանի որ արդեն ընտանիք ուներ և դժվարությամբ էր ծայրը ծայրին հասցնում, լրացուցիչ գումար աշխատելու նպատակով (այդ տարիներին էլ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ չէին ստանում), ապագա էքսկուրսավարներիս համար կարդում էր հայ ժողովրդի պատմություն, անցկացնում մեթոդական էքսկուրսիաներ: Իմ սերնդակիցները լավ են հիշում, որ ժամանակին հայկական դպրոցներում, բուհերում ուսումնասիրում էինք «ԽՄԿԿ պատմություն» կոչվող կեղծուպատիր առարկան, բազում երկրների ու ժամանակաշրջանների պատմություններ, բայց գաղափար անգամ չունեինք սեփական ժողովրդի պատմությունից: Ահա թե ինչու Արթուր Նավասարդյանը հայտնություն էր մեծ մասամբ բուհերի բարձր կուրսերում սովորող, հետաքրքրասեր ուսանող-էքսկուրսավարացուներիս համար: Օր չէր լինում, որ դասամիջոցներին չքննարկեինք, չվերլուծեինք մեզ համար դեռ երեկ անհայտ իրադարձություններն ու յոթ կողպեքով փակված ճշմարտությունները, որոնց Հայաստանում տիրապետում էին հատուկենտ մտավորականներ, հազար ու մի հարցով չդիմեինք ընկեր Արթուրին (այդպես էինք դիմում նրան) ու ստանում սպառիչ, գիտականորեն հիմնավորված պատասխաններ։
Հետո եկավ գործնական աշխատանքների ժամանակը: Դրանք առավել ուսանելի ու լրացուցիչ ծախսերից զերծ պահելու նկատառումներով Նավասարդյանը ձեռք էր բերել սփյուռքահայության կոմիտեի ու էքսկուրսիոն բյուրոյի համաձայնությունը՝ փոքր խմբերին ուղեկցելիս մեզ էլ մասնակից դարձնելու իր վարած էքսկուրսիաներին: Դրանց մանրամասների մեջ մտնելու նկարագրությունը կգրավի այս թերթի բոլոր էջերը: Միայն ասեմ, որ ընկեր Արթուրը ֆրանսերենին տիրապետողների համար ազատ ֆրանսերեն էր խոսում՝ հընթացս իրեն հատուկ փայլուն հայերենով մեզ համար թարգմանելով ասածը, արևմտահայերեն հյութեղ լեզվով պատմում բաներ, որոնք մեր հայրենակիցներն ու մեզնից շատերն առաջին անգամ էին լսում: Ազատ խոսում էր ռուսերեն ու վրացերեն: Քանի որ ծնվել ու մեծացել էր Թբիլիսիի կենտրոնի հայկական թաղամասում, տիրապետում էր նաև Թիֆլիսի բարբառին՝ հաճելիորեն զարմացնելով մեր երկիր այցելած վրացիներին:
Հանրագիտակ ու խորհրդավոր այս մարդն ավելի քան երկու տասնյակ ապագա էքսկուրսավարներիս համար դարձավ կիրթ ու մտավորական, օրինակելի վարքուբարքի տեր մարդու, խորիմաց պատմաբանի, լեզվաբանի ու նաև էքսկուրսավարի օրինակ, և պատահական չէ, որ նրա դասերով ուսանած բոլոր էքսկուրսավարներս էլ ավելի քան քառորդ դար կենտրոնական տեղ էինք զբաղեցնում Երևանի էքսկուրսիոն բյուրոյի էքսկուրսավարների շարքում:
Անցան տարիներ: Յուրաքանչյուրս գնաց իր ճանապարհով: Արթուր Նավասարդյան անուն-ազգանվանն սկսեցի հաճախակի հանդիպել Հայաստանի ու սփյուռքահայ թերթերի ու ամսագրերի էջերում: Մեկ նա կիրթ, գիտականորեն հիմնավորված, ուստի և համոզիչ կերպով հակահարված է տալիս հայկական մշակութային այս կամ այն հուշարձանն ու պատմական անցքերը սեփականել կամ խեղաթյուրել փորձող ադրբեջանցի «գիտնականին» կամ վրացի ազգայնականին, մեկ իր հիշողություններն է կիսում ընթերցողի հետ հայ ժողովրդի նշանավոր զավակների՝ Վիլյամ Սարոյանի, Լևոն-Զավեն Սյուրմելյանի, Պերճ Ժամկոչյանի, Գուրգեն Յանիկյանի, նաև Լոլիտա Թորեսի և այլոց հետ իր՝ տարբեր ժամանակներում ունեցած հանդիպումներից: Իսկ «Ղարաբաղ տեղանվան ծագման պատմությունը» հոդվածը գիտական իր հիմնավորվածությամբ նորություն էր մեր շատ պատմաբանների ու լեզվաբանների համար:
Այսօր էլ ծերունազարդ քայլող-հանրագիտարան Արթուր Նավասարդյանը վայր չի դրել գրիչն ու շարունակում է իր հարուստ գիտելիքներին հաղորդակից դարձնել իր հետաքրքիր ու նորովի մտքերին, իսկ ընկերների ու բարեկամների համար նրա հետ յուրաքանչյուր հանդիպում վերածվում է հաճելի զրույցների ու հիշողությունների տոնի:
Նոյեմբերի 11-ը մեր թերթի բարեկամ ու ակտիվ թղթակից Արթուր Նավասարդյանի ծննդյան օրն է: Ջերմորեն շնորհավորելով մեր ավագ ընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթենք ամուր առողջություն, անձնական երջանկություն և բեղմնավոր գրիչ:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ